Երբ ՀՀԿ-ական պատգամավորի կինը կես միլիարդը պարտքով է տալիս
ECONOMICSԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում ներկայացված է Ազգային Ժողովի պատգամավոր Արտակ Դավթյանի 2015թ-ի տարեկան հայտարարագիրը։ Ըստ հայտարարագրի՝ պատգամավորի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են չորս միլիոն դրամ եւ 40 հազար ԱՄՆ դոլար։
Դավթյանը որպես տարեկան եկամուտ է նշել երեք տարբեր աշխատավարձերից ստացված գումարը, որը միասին կազմել է ութ միլիոն 719 հազար 917 դրամ։
Նրա կինը՝ Անահիտ Գաբրիելյանն ավելի մեծ ունեցվածքի տեր է։ Ըստ վերջինիս հայտարարագրի՝ նրա դրամական միջոցները 2015թ-ի սկզբին կազմել են 20 միլիոն դրամ եւ 100 հազար ԱՄՆ դոլար, իսկ արդեն տարեվեջին այդ գումարն աճել է՝ կազմելով 20 միլիոն դրամ եւ 205 հազար ԱՄՆ դոլար։
Պարզվում է, Դավթյանի կինը փոխառություններ ունի թե´ դրամով , թե´ դոլարով։ Վերջինս 340 միլիոն 400 հազար դրամն ու 365 հազար 310 ամերիկյան դոլարն պարտքով է տվել։
Իսկ որպես մեկ տարվա աշախատավարձ էլ հայտարարագրված է երկու միլիոն 946 հազար 407 դրամը։ Այլ եկամուտի աղբյուր են հանդիսացել 69 միլիոն 946 հազար դրամ շահաբաժինը, 70 միլիոն 387 հազար 121 դրամ փոխառություններից ստացված տոկոսը եւ 16 միլիոն 320 հազար դրամ վարձակալությունից ստացված գումարը։
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան