Որքա՞ն գումար կտնտեսեն սպառողնեը գազի գնի իջեցումից.«Հայոց աշխարհ»
ECONOMICS««Գազպրոմ Արմենիան» այս անգամ առաջարկել է ինչպես խոշոր, այնպես էլ փոքր բաժանորդների համար սակագները նվազեցնել հավասարաչափ։ Երկու դեպքում էլ այն համարժեք է 19,4 դոլարի։ Սա ավելին է, քան սահմանին Հայաստանին վաճառվող գազի գնի էժանացումը։
Ինչպես հայտնի է, ապրիլի 7-ին Երեւանում ստորագրված փաստաթղթով Հայաստանին մատակարարվող գազի գինը 1000 խոր. մետրի դիմաց գործող 165-ի փոխարեն սահմանվեց 150 դոլար։ Այսինքն՝ նվազեցվեց 15 դոլարով։ Գազի ներքին սակագնի նվազեցումը, որքան էլ լինի, անտարակույս դրական ազդեցություն կունենա թե՛ սպառողների, թե՛ տնտեսության վրա։ Դա ենթադրում է ինչպես բնակիչ-բաժանորդների, այնպես էլ խոշոր սպառողների կողմից սպառված գազի դիմաց կատարվող վճարումների կրճատում։
Որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչ տնտեսումների մասին է, անհրաժեշտ է կատարել պարզ հաշվարկ. Յուրաքանչյուր հազար խոր. մետրի դիմաց բնակչության ներքին սակագինն առաջարկվում է նվազեցնել 9,3 հազար դրամով կամ ավելի քան 19 դոլարով։ Գազամատակարար ընկերության սակագնային հայտով կանխատեսվում է, որ բնակչությունը կսպառի տարեկան 527 մլն խոր. մետր գազ։
Ստացվում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած առաջարկության բավարարման շնորհիվ սպառողների այս խումբը կտնտեսի տարեկան գրեթե 5 մլրդ դրամ կամ ավելի քան 10 մլն դոլար։ Ինչ վերաբերում է խոշոր սպառողներին, որոնց տարեկան ծախսը գազամատակարար ընկերության ներկայացրած սակագնային հայտով գնահատված է ավելի քան 1,1 մլրդ խոր. մետր, ապա այս դեպքում տնտեսումը կհասնի գրեթե 22 մլն դոլարի։
Հաշվի առնելով նաև մյուս բաժանորդներին՝ գազի սակագնի առաջարկվող նվազեցման ֆինանսական արդյունքը կարող է հասնել մինչև 33-34 մլն դոլարի։ Սա, ըստ էության, այն գումարն է, որ չեն վճարելու սպառողները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։