16 պատանի կպայքարի Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի հաղթողի կոչման համար
SPORT16 պատանի կպայքարի մեծանուն հայ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի հաղթողի կոչման համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մրցույթի կազմակերպիչ Հայաստանի կոմպոզիտորների միությունից, այս տարի մրցութային փուլը կկայանա մայիսի 10-ին կոմպոզիտորների միության դահլիճում: 16 հայ պատանիները կընդգրկվեն երկու ենթախմբերում (8 -13 տարեկաններ՝ կրտսեր ենթախումբ, 14-18 տարեկաններ՝ ավագ): Մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, կոմպոզիտորների միության դահլիճում կկայանա մրցույթի գալա-համերգն ու մրցանակաբաշխությունը:
Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը, Վարդան Աճեմյանը, Վահրամ Բաբայանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ու Է. Միրզոյանի անվան մրցույթի նախաձեռնության հեղինակ Էդմոնդ Մակարյանը: Մրցույթն իրականանում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Հայաստանի կոմպոզիտորների միությունը 2014 թվականից երրորդ տարին անընդմեջ կազմակերպում է պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթ, որը կրում է մեծանուն հայ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունը:Մրցույթի նպատակն է բացահայտել շնորհալի երեխաներին՝տալով նրանց հնարավորություն ցուցադրելու իրենց ստեղծագործություններն ու լինելու մասնիկը հայկական մեծ կոմպոզիտորական դպրոցի: