Աշոտ Արսենյանի ու իր որդու աստղաբաշխական թվերի հասնող փոխառությունները
ECONOMICSԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների 2015թ-ի հայտարարագիրը: Ըստ որի, նա նախորդ տարի վաճառել է իր հինգ միլիոն դրամ արժողությամբ TOYOTA CAMRY 2.4մակնիշի ավտոմեքենան, եւ փոխարենը գնել 12 միլիոն դրամ արժողությամբ MERCEDES-BENZ E250 D մակնիշի ավտոմեքենա:
Արսենյանը 20 միլիոն դրամի չափով բաժնետոմսեր ունի: Իսկ նրա փոխառությունները հետեւյալ պատկերն ունեն՝ 144 հազար 677 եվրո, յոթ միլիոն 910 հազար ԱՄՆ դոլար եւ վեց միլիարդ 329 միլիոն 540 հազար դրամ:
Նախորդ տարի նրա դրամական միջոցները կազմել են չորս միլիոն ամերիկյան դոլար եւ 100 միլիոն դրամ:
ՀՀԿ-ական պատգամավորը որպես 2015թ-ի եկամուտներ է նշել վեց միլիոն 867 հազար 980 դրամ աշխատավարձ, 44 միլիոն 800 հազար դրամ շահաբաժին, մեկ միլարդ 234 միլիոն երեք հազար 648 դրամ, 102 հազար 18 եվրո եւ ինը միլիոն 747 հազար ԱՄՆ դոլար տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս:
Նրա որդին՝ Վահագն Արսենյանն էլ հայտարարագրել է 149 միլիոն 284 հազար դրամի, 100 հազար եվրոյի եւ մեկ միլիոն 279 հազար 70 ամերիկյան դոլարի չափով փոխառություններ: Պատգամավորի որդու եկամուտներն էլ գոյացել են 387 հազար դրամ եւ երկու միլիոն 973 հազար 536 դրամ աշխատավարձերից, 80 միլիոն դրամ նվիրատվությունից, 280 միլիոն 754 հազար 750 դրամ ստացված փոխառություններից եւ 524 միլիոն 348 հազար դրամ ու 257 հազար 903 ԱՄՆ դոլար փոխառությունների դիմաց ստացված տոկոսից:
Հիշեցնենք, որ Աշոտ Արսենյանին է պատկանում «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան