ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում Եվրոպային պատերազմ է սպառնում. Քեմերոն
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը կարծում է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի առանձնանալը կմեծացնի Եվրոպայում պատերազմի ռիսկը, գրում է The Telegraph-ը՝ վկայակոչելով վարչապետի ելույթի տեքստը, որը նա պետք է կարդա մայիսի 9-ին Լոնդոնում:
Մեծ Բրիտանիայի վարչապետի կարծիքով հենց ԵՄ-ն է օգնել միավորել այն երկրները, որոնք տասնամյակներ շարունակ «իրար կոկորդ էին կրծում», եւ ոչ մի երաշխիք չկա, որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը սպառնալիքի տակ չեն հայտնվի Մեծ Բրիտանիայի առանձնանալու դեպքում:
ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն դեմ արտահայտվող Քեմերոնը վստահ է, որ դա անպատասխանատու եւ անմիտ քայլ կլինի: «Եթե մենք մնանք, մենք գիտենք, թե մեզ ինչ է սպասվում: Եթե մենք հեռանանք, դա իսկական ցատկ է դեպի անորոշություն»,- մեջբերում է թերթը նրա ելույթի տեքստը:
Նրա կարծիքով առաջին հերթին այդ քայլը կանդրադառնա հասարակ քաղաքացիների վրա:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում ԵՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվեն տեղի կունենա հունիսի 23-ին:



