Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարnն Ադրբեջանինը չէ. BP-Azerbaijan
ECONOMICSԲաքու-Թբիլիսի-Էրզրում գազատար խողովակաշարի Կարսի նահանգի տարածքով անցնող մասում տեղի ունեցած պայթյունի հետ կապված Ադրբեջանում նավթի և գազի արդյունահանման գլխավոր օպերատոր BP-Azerbaijan ընկերությունը հայտարարել է, որ այդ գազատարը Ադրբեջանինը չէ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով moderator.az լրատվական կայքը, BP-Azerbaijan ընկերության մամուլի ծառայության ղեկավար Թամամ Բայաթլըն լրագրողներին ասել է, որ ընկերությունը չի կարող որևէ կարծիք հայտնել գազատարում տեղի ունեցած պայթյունի պատճառների մասին:
Նրա խոսքով' Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի օպերատորը ոչ թե BP-Azerbaijan ընկերությունն է, այլ Թուրքիայի BOTASH ընկերությունն է:
«Այս գազատարի սեփականատերը ոչ Ադրբեջանն է, ոչ էլ BP-Azerbaijan ընկերությունը»,- ասել է նա:
Ականատեսների խոսքով՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի' թուրքական Սարիղամիշ գավառով անցնող հատվածում դեռևս անհայտ պատճառներով տեղի ունեցած հզոր պայթյունը լսվել է 20 կմ հեռավորության վրա:
Ըստ «Անատոլու» լրատվական գործակալության՝ Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը հայտնել է, որ դեռևս ուսումնասիրվում են պայթյունի պատճառները, իսկ ներկայումս գազատարով բնական գազի հոսքը դադարեցված է:
Օրերս պայթեցվել էր Իրաքից Թուրքիա նավթ փոխադրող Քիրքուք-Յումուրթալըք նավթատար խողովակաշարը: Պայթեցվել էր նաև Թուրքիայի Աղրը (Արարատ) նահանգում Մասիսի ստորոտով Իրանից Թուրքիա գազ փոխադրող խողովակաշարը: Թուրքիայի իշխանություններն անմիջապես հայտարարել են, որ երկու պայթյունների պատասխանատուն այդ երկրում ահաբեկչական համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներն են: