Զոհված զինծառայողների ընտանիքներին կայուն եկամուտ ապահովելու համար բոլոր պետական մարմիններին տրվել են հանձնարարականներ
ECONOMICSԱպրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին հաշվառելու և կայուն եկամուտ ապահովելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ուսումնասիրություններն ավարտել են և դրանց հիման վրա առաջարկությունները ներկայացվել են ՀՀ վարչապետին, տրվել են հանձնարարականներ բոլոր պետական կառավարման մարմիններին:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Զոհված զինծառայողների բոլոր ընտանիքների համար նախատեսված գումարների տրամադրումը համապատասխան ընթացքի մեջ է: Այս պահին իրավական համապատասխան կարգավորման շուրջ կան մի շարք առաջարկություններ, որոնք կընդունվեն առաջիկայում: Գումարները սահմանված են օրենսդրությամբ. տրամադրվել են և՛ միանվագ ապահովագրական գումարները, և՛ ամսական գումարները: Զոհվածների ընտանիքներին միանվագ ապահովագրական գումարը տրամադրվում է 2 մլն դրամի չափով, 1,4 մլն չափով գումար տրամադրվում է հուղարկավորության կատարման և ևս 700 000 դրամ՝ գերեզմանների բարեկարգման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:
Բացի այդ, կա համապատասխան օրենսդրություն, որի շրջանակում ամսական կենսաթոշակներ են նշանակվում զոհված ընտանիքներին: «Դա արդեն պայմանավորված է՝ զինծառայողն արդյոք սպայակա՞ն կազմից է, թե շարքային, և համապատասխան չափերն, ըստ այդմ, տարբերակված են»,-եզրափակեց նախարարը: