Ադրբեջանում համառորեն շրջանավառվում է ԶՈւ ԳՇ ղեկավարի պաշտոնանկությունը
INTERNATIONAL NEWSԱդրբեջանում մայիսի 10-ից համառորեն շրջանառվում է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադըգովի պաշտոնանկության մասին լուրը: Ընդդիմադիր կայքերը հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈւ ԳՇ ղեկավարը պաշտոնանկ է արվել ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններում «թույլ տված մարտավարական սխալների» պատճառով: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հերքել է լուրը` անվանելով այն «զրպարտություն »:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ առնչությամբ dia.az լրատվական կայքը Նեջմեդդին Սադըգովի հետ կապված հետաքրքիր փաստեր է բացահայտել:
Կայքը գրում է, որ Ռուսաստանի Դաշնության Դաղստանի Դերբենդ քաղաքի փողոցներից մեկը հանդիսավոր արարողությամբ անվանակոչվել է Նեջմեդդին Սադըգովի անունով, ինչին մասնակցել է նաեւ Ադրբեջանի ՊՆ գեներալը:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Նեջմեդդին Սադըգովը հայտարարվել է նաեւ Դաղստանի ազգային հերոս: Դերբենդում այն դպրոցի դիմաց, որտեղ նա սովորել է, տեղադրվել է նրա կիսանդրին:
Կայքը տարակուսանք է հայտնում, թե այդ ինչ՞ պատճառով եւ չափանիշներով է Ադրբեջանի ԶՈւ ԳՇ ղեկավարը արժանացել նման պատվի Դաղստանում, երբ Նեջմեդդին Սադըգովը Դաղստանի հետ կապված ծառայություն եւ գործունեություն չի ունեցել:
«Այդ ինչպես՞ է, որ Դաղստանում բողոքի ակցիաներ են ընթանում Հեյդար Ալիեւի անվամբ փողոցն անվանափոխելու պահանջով, իսկ Նեջմեդդին Սադըգովի անունն օրեցօր հավերժացվում է: Եթե դա կապված է ռազմական համագործակցության հետ, ապա ինչու՞ Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատարի անունով Դաղստանում որեւէ օբյեկտ, անգամ ցուցատախտակ չկա, իսկ գլխավոր շտաբի ղեկավարի անունով` ամեն ինչ կա», -գրում է կայքը:



