ՄԱԿ-ը պատրաստ է օժանդակել Հայաստանին նոր օրակարգով նախատեսված քայլերի իրականացման համար
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ը պատրաստ է օժանդակել Հայաստանին «Վերափոխենք մեր աշխարհը. նոր օրակարգ 2030» ազգայնացման և տեղայնացման գործընթացի իրականացման գործում: Այդ մասին «Հազարամյակի զարգացման նպատակներ. առաջընթացի ազգային զեկույցի» շնորհանդեսի ժամանակ հայտարարեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն:
Նրա խոսքով՝ «Վերափոխենք մեր աշխարհը. նոր օրակարգ 2030» իրականացմանն ուղղված ջանքերի հիմքում ընկած է լինելու պետության կողմից այդ գործընթացն առաջնորդելն ու վերահսկելը, և ՄԱԿ-ը պատրաստ է օժանդակել Հայաստանին այդ գործընթացում։ «ՄԱԿ-ի նոր օրակարգի հաջող իրականացման գործում կարևոր է ոչ միայն գերատեսչությունների և ոլորտների միջև համատեղ պլանավորումը, այլև ողջ հասարակության՝ խորհրդարանի, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և լրատվամիջոցների ներգրավումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Բուզետտոն:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի խոսքով՝ այս բոլոր ինստիտուտներն իրենց կարևոր դերն ունեն Կայուն զարգացման նպատակների իրականացման և մոնիթորինգի գործում։



