Ադրբեջանը հրաժարվել է հայ մարզիկից ջախջախիչ պարտություն կրած Ռուսլան Մուրթազովից
SPORTՄոսկվայում տեղի ունեցած «OFS-8» մարտ առանց կանոնների երեկոյի ընթացքում, ինչպես արդեն հաղորդել էինք հայ մարզիկ Ալբերտ Ղազարյանը ջախջախիչ հաղթանակ տարավ Ադրբեջանը ներկայացնող Ռուսլան Մուրթազովի հանդեպ:
Հայ մարզիկն իր հաղթանակը նվիրեց հայ զինվորներին` ռինգ դուրս գալով զինվորի հագուստով և բարձրացնելով նաև Արցախի դրոշը:
Այս ամենից վրդովված ադրբեջանական Haqqin.az-ի սպորտային մեկնաբան Ռասիմ Հուսեյնզադեն գրում է, որ դա հայերի նախապես պլանավորված հերթական պրովոկացիան էր: Ըստ մեկնաբանի՝ «դաղստանցի Ռուսլան Մուրթազովը իբր ներկայացնում էր Ադրբեջանը»: Դա եղել է Ռուսլանի առաջին մարտը պրոֆեսիոնալ ռինգում: Նա ռինգ է բարձրացել Ադրբեջանի դրոշով, սակայն, իրականում, չի ներկայացրել Ադրբեջանը: Ադրբեջանցի սպորտային մեկնաբանը ենթադրում է, թե պատանի հասակում նա Ադրբեջանի սպորտային ֆեդերացիաներից մեկում է ներգրավվել, բայց դուրս է մնացել, քանի որ չի համապատասխանել հավաքականի պայմաններին: Դրանից հետո Ադրբեջանի անձնագիրը մնացել է նրա մոտ: Այդ հանգամանքն էլ իբր օգտագործել են հայերը` գումար տալով նրան, որպեսզի հանդես գա Ադրբեջանի անունից և պարտվի:
Ադրբեջանական քարոզչամեքենայի ոճին հավատարիմ` մեկնաբանը խճճվել է դավադրությունների տեսության մեջ` գրելով, որ մարտերի կազմակերպիչ «Octagon Fighting Sensation»-ի ղեկավարությունում կան հայեր, ովքեր էլ կազմակերպել են մարտը` Ադրբեջանը ներկայացնող անփորձ մարզիկին դեմ հանելով հայ փորձառու մարզիկին: