Օֆշորային տարածքներն ապահովում են թռիչքային տնտեսական աճ. Տիգրան Սարգսյան
ECONOMICSPast.am–ի հետ զրույցում իրավաբան Տիգրան Սարգսյանը նշեց, որ օֆշորային տարածքներ ունենալը ցանկացած երկրի համար ապահովում է տնտեսական թռիչքային աճ:
Ըստ նրա՝ այդպիսի տարածքներ ունեն նաև աշխարհի ամենազարգացած և առաջադեմ պետությունները, բայց դրանք ունենալու անհրաժեշտությունը նախ և առաջ առկա է մեր նման զարգացող և ներդրումների կարիք զգացող պետություններում:
Փաստաբանը նշեց, որ օֆշորային տարածքներն իրենցից ներկայացնում են արտոնյալ տնտեսական պայմաններ ապահովող գոտիներ, որոնք գրավիչ են տեղական և արտերկրյա ներդրողների համար և դրանցից վախենալն ու խուսափելը անիրազեկվածության հետևանք է: Իրավագետի խոսքով` ցանկացած կազմակերպված հասարակություն, ունենալով օֆշորային տարածքներ և ապահովելով տնտեսական աճ և ներդրումներ, կարող է միաժամանակ պայքարել նաև օֆշորներին հատուկ ռիսկերի ու վտանգների դեմ:
«Թիվ մեկ խնդիրը, որը հատուկ է օֆշորային տարածքներին, գաղտնիությունն է, որը բնավ չի սպառնում իրավատեր պետությանը, քանի որ ներդրողները իրենց կազմակերպության գրանցման համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները փորձում են գաղտնի պահել իրենց ծագման երկրից կամ գործընկերներից, իսկ գրանցող երկրին նման տեղեկությունը հասանելի և վերահսկելի է»,- հավելեց Տիգրան Սարգսյանը:
Իրավագետն ափսոսանք հայտնեց, որ տնտեսական զարգացում ապահովող բազմաթիվ արդյունավետ մեխանիզմներ, որոնք առկա են աշխարհում, խորթ և անհասկանալի են մեր կառավարության համար:
Լևոն Փանոսյան