Լավրովն ու Չավուշօղլուն կհանդիպեն
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ԱՍԵԱՆ-ի միջոցառումների շրջանակում, որը տեղի է ունենում Կուալա-Լումպուրում, հանդիպում է անցկացնում Թուրքիայի իր գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, հանդիպումից առաջ Չավուշօղլուն ռուսաստանցի լրագրողներին հայտարարել է, որ մտադիր է Լավրովի հետ քննարկել երկկողմանի հարաբերությունների, այդ թվում' էներգետիկայի և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համատեքստում իրավիճակի հետ կապված հարցեր:
«Կքննարկենք երկկողմանի հարաբերությունների, «Թուրքական հոսք» գազատարի, Սիրիայում իրավիճակի և, իհարկե, «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցեր»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԱՍԵԱՆ-ի միջոցառումների շրջանակում արդեն հանդիպել է Ինդոնեզիայի և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ԱԳՆ ղեկավարների հետ: Ծրագրվում է, որ նա կմասնակցի ՌԴ-ԱՍԵԱՆ նախարարական նիստին և ևս մի քանի հանդիպումներ կանցկացնի, այդ թվում' ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ:



