Չինաստանի շուկայում հայկական խմիչքներ կհայտնվեն
ECONOMICSՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը մայիսի 10-13-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում չինացի գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության ուղղություններն ու արտահանման նոր հնարավորությունները:
Ինչպես հաղորդում են ՍԱՊԾ տեղակատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Արմեն Հայրապետյանն ու սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանն ալկոհոլային խմիչքների արտահանման խթանմանն ուղղված երկկողմ համագործակցության զարգացման նպատակով այցելել են ՉԺՀ սննդի եւ խմորման ոլորտների ազգային հետազոտությունների ինստիտուտ: Ինստիտուտի փոխնախագահ, պրոֆեսոր Վանգ Ձիենի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Չինաստանում գործող ազգային ստանդարտների պահանջները, որոնց համապատասխանության դեպքում հնարավոր կլինի ոգելից խմիչքների ներմուծումը ՉԺՀ: Չինական կողմը հայ գործընկերներին է տրամադրել թե՛ ալկոհոլային խմիչքների ոլորտում գործող ՉԺՀ ազգային ստանդարտները, թե՛ անվտանգության եւ որակի ցուցանիշների փորձաքննության մեթոդները:
Նշենք, որ հայկական պատվիրակության հանդիպումներին մասնակցել է նաեւ Չինաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը: Չինական շուկա հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների քննարկման արդյունքում ձեռք է բերվել ցուցահանդեսներին հայկական արտադրության ալկոհոլային խմիչքների ներկայացման մասին պայմանավորվածություն: Առաջիկա միջազգային ցուցահանդեսը, որին հայկական կողմը մասնակցելու հրավեր է ստացել, տեղի կունենա սեպտեմբերի 8-9-ը՝ Չինաստանի Կուիճոու մարզում:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան