Ալեքսեյ Լովչեւը որակազրկվեց 4 տարով, Գոռ Մինասյանը պետք է ստանա ԱԱ-ի երկամարտի բրոնզե մեդալը
SPORTԾանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) հակադոպինգային կանոնակարգը խախտելու համար 4 տարով որակազրկել է ռուսաստանցի Ալեքսեյ Լովչեւին, գրում է tass.ru-ն։
Ռուս ծանրորդը դոպինգ էր օգտագործել 2015-ի նոյեմբերին ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում, որում աշխարհի 2 ռեկորդ էր սահմանել գերծանրքաշային կարգում եւ նվաճել չեմպիոնի տիտղոսը։ Լովչեւն արդեն բողոքարկել է Լոզանի Մարզական վճռաբեկ դատարան (CAS)։ Եթե CAS-ը չբավարարի ռուս ծանրորդի բողոքը եւ զրկի նրան ոսկե մեդալներից, ապա աշխարհի 2015թ․ առաջնության երկամարտի բրոնզե մեդալը բաժին կհասնի Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մինասյանին, որը Հյուսթոնում գրավել էր չորրորդ տեղը։
Հիշեցնենք, որ Ալեքսեյ Լովչեւը Հյուսթոնում ռեկորդ էր գրանցել հրում վարժությունում ու երկամարտում: Նա հրել էր ռեկորդային 264 կգ եւ երկամարտում հավաքել դարձյալ ռեկորդային 475 կգ:
Նախորդ ռեկորդները պատկանում էին իրանցի լեգենդար ծանրորդ Հուսեյն Ռեզազադեին, որը հրել էր 263 կգ եւ երկամարտում գրանցել 472 կգ: Իրանցուն է շարունակում պատկանել պոկում վարժության ռեկորդը, որը կազմում է 213 կգ: Ալեքսեյ Լովչեւը Հյուսթոնում պոկել էր 211 կգ: