Արմավիրում և Արարատում, ապստամբություն է հասունանում. «բունտ» ընդդեմ Թուրքիայից լոլիկ ներկրողների.«Հրապարակ»
ECONOMICS«Հայաստանի երկու մարզերում՝ Արմավիրում և Արարատում, ապստամբություն է հասունանում, «բունտ» ընդդեմ Թուրքիայից լոլիկ ներկրողների։ Ջերմատնային տնտեսությունների տերերը՝ էջմիածնի, Արտաշատի և Արարատի գյուղերից, միմյանց հետ կապի մեջ են և կազմակերպված ձևով երեկ որոշել էին դուրս գալ բողոքի ցույցի։ Սակայն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը համոզել է նրանց սպասել և խոստացել է լուծել խնդիրը, այն է՝ պաշտպանել թուրքական Էժանագին լոլիկից։ «Էս հարցը պրեզիդենտի որոշումով պետք Է լուծվի։ Նա հանրապետությունում չէ, ու մենք կսպասենք, եթե ոչ՝ մտնելու ենք Մեյմանդարի շուկա, մեր ձեռքով մեր հարցերը լուծենք, քաղաքացիական պատերազմ ենք անելու»,– ասում է մենատնտեսներից մեկը։ Խոսքը Հովտաշատի շուկայի մասին է, որը երկու տարի առաջ է բացվել, և որտեղ շրջակա գյուղերի բնակիչներն իրացնում են իրենց ստացած բերքը։
Թուրքիայից ներկրված լոլիկն այստեղ հայկականի հետ կողք կողքի է վաճառվում։ 1 կգ-ի գինն իջնում է մինչև 500 դրամ, մինչդեռ գյուղացիների աճեցրած լոլիկի ինքնարժեքը մոտ 600 դրամ է։ Ստացվում է, որ թուրքական լոլիկը հայկականի ինքնարժեքից ցածր է վաճառվում, կոտրելով մեր գյուղացու մեջքը։ Դարակերտի բնակիչները համոզված են, որ այս լոլիկը մտել է Վրաստանից մաքսային կանոնոների խախտմամբ, առանց մաքսազերծման։ Հակառակ դեպքում այն առնվազն 800-900 դրամ կարժենար։ Ո՞վ է բերում մաքսանենգ լոլիկը։ Սա հարց է, որի պատասխանը մարդիկ չունեն, բայց համոզված են, որ բերողն այս աշխարհի հզորներից է, որին թույլ են տալիս անմաքս բանջարեղեն մտցնել երկիր։ Մյուս կողմից, լուրեր են պտտվում, որ Ռուսաստանի սահմանային ծառայությունները թուրքական լոլիկի ահռելի խմբաքանակ են կանգնեցրել, որը փորձում էին Ռուսաստան մտցնել հայկականի անվան տակ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։