ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն հորդորել են բանկերին ու ընկերություններին՝ համագործակցել Իրանի հետ
INTERNATIONAL NEWSՕտարերկրյա բանկերն ու ընկերությունները չպետք է հրաժարվեն Իրանի հետ օրինական բիզնես վարելուց: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի, Եվրամիության, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է Բրյուսելում կայացած բանակցությունների արդյունքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Մենք չենք փակի Իրանի հետ համագործակցող միջազգային ֆիրմաների կամ ֆինանսական ինստիտուտների ճանապարհը, եթե նրանք հարգում են գործող օրենքները»,- նշվում է հայտարարության մեջ:
Իրանի հետ միջուկային համաձայնագրի պայմանների համաձայն, որը ձեռք է բերվել անցած տարվա ամռանը եւ ուժի մեջ մտել փետրվարին, չեղարկվում են Թեհրանի դեմ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի երկրների կողմից ավելի վաղ սահմանված պատժամիջոցները:
ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի երկրների հայտարարության համաձայն՝ Իրանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում եվրոպական եւ միջազգային այլ բանկերի ու ընկերությունների համար, եւ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը նախատեսում է Թեհրանի հետ նրանց կապերի վերականգնում:
Փաստաթղթում նաեւ նշվում է, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունն ուսումնասիրում են Իրանի հետ համագործակցության նոր ոլորտներ, այդ թվում՝ արտահանական վարկերի օգտագործումն առեւտրի եւ Իրանի տնտեսության մեջ ներդրումների դյուրացման համար:



