Պորոշենկոն Ուկրաինան անվանել է բարբարոսությունից եւ բռնապետությունից Եվրոպայի պաշտպան
INTERNATIONAL NEWSՈւկրաինան եվրոպական քաղաքակրթության պաշտպանն է: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն` Կիեւի Միխայլովյան հրապարակում ելույթ ունենալով Եվրոպայի օրվա առիթով, որը Ուկրաինայում նշվում է մայիսի 21-ին:
«Եվրոպան ազգային գաղափար է եւ Ուկրաինայի ապագան: Մենք Եվրոպան պաշտպանում ենք բարբարոսությունից, բռնապետությունից, ագրեսիայից, ռազմականությունից, մենք եվրոպական քաղաքակրթության առաջնային պաշտպանական գծում ենք», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Նրա խոսքով, Եվրոպայի օրը Ուկրաինայում պատմական տոն է: Պորոշենկոն վստահություն է հայտնել որ ապագայում երկրի քաղաքացիները ներկայացված կլինեն Եվրոպական հաստատություններում, իսկ ուկրաիներենը Եվրոպայի պաշտոնական լեզուներից մեկը կդառնա:
Եվրոպայի օրը Ուկրաինայում նշվում է մայիսի ամեն երրորդ շաբաթ օրը, 2003-ից ի վեր: Այդ մասին հրամանագիր է ստորագրել այն ժամանակ իշխանության ղեկին գտնվող նախագահ Լեոնիդ Կուչման:



