Սահակաշվիլին խոստացել է ժամանել Վրաստան եւ միանալ նախընտրական պայքարին
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի Օդեսայի մարզի վարչակազմի ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին մտադիր է ակտիվորեն ներգրավվել Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավում:
«Թող ոչ ոք չկասկածի եւ թող ոչ ոք սա չընդունի որպես սպառնալիք. ես, իհարկե, մտադիր եմ ժամանել Վրաստան եւ ակտիվորեն ներգրավվել նախընտրական գործընթացներում: Ես մտադիր եմ շարունակել պայքարը թե՛ մեզ մոտ՝ Վրաստանում, թե՛ այստեղ՝ Ուկրաինայում»,- մայիսի 24-ին ասել է Սահակաշվիլին «Ռուսթավի 2» վրացական հեռուստաընկերության եթերում:
Նա ընդգծել է, որ շարունակում է ղեկավարել իր կողմից հիմնադրված «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ Վրաստանի գլխավոր դատախազությունն ավելի քան մեկ տարի առաջ Սահակաշվիլիի հետախուզում է հայտարարել, ինչը նշանակում Է, որ հանրապետության տարածքում նախկին նախագահի հայտնվելու դեպքում նա կձերբակալվի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



