Երևան ՀԷԿ-1 հիդրոէլեկտրակայանի արդիականացման նպատակով կներդրվի 18.9 մլրդ դրամ
ECONOMICSՀՀ կառավարությունը «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը կհետաձգի երեք տարի ժամկետով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 2-ի նիստի օրակարգում: Ընկերության նպատակն է ապահովել Երևան ՀԷԿ-1 հիդրոէլեկտրակայանի հետագա բնականոն, անվտանգ էլեկտրամատակարարումն ու արդիականացումը, օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը էլեկտրաէներգիա արտադրելու համար: Ծրագրի համար կներդրվի 18.9 մլրդ դրամ, որից մոտ 9.7 մլրդը սարքավորումներ ձեռք բերելու համար:
Վերոնշյալ ներդրումների շնորհիվ կկիրառվեն ռուսական, հնդկական և գերմանական արտադրության ժամանակակից սարքավորումներ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 60 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.– 232, 2017թ.- 249 և 2018թ.-265 հազ. դրամ: