Մադրիդում հայերը երախտիքի հավաք են անցկացրել Գերմանիայի դեսպանության դիմաց
INTERNATIONAL NEWSԻսպանիայի Թագավորության մայրաքաղաք Մադրիդում հունիսի 3-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության դիմաց, Մադրիդի հայ համայնքի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հավաք, որի ընթացքում մեր հայրենակիցները շնորհակալություն հայտնեցին Գերմանիային՝ նախօրեին Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատա պարտող բանաձև ընդունելու համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հավաքի մասնակիցները պարզել էին Հայաստանի և Գերմանիայի դրոշները, ինչպես նաև պաստառներ՝ «Շնորհակալություն Գերմանիա», «Հիշում ենք և պահանջում», «Ճանաչում=կանխարգելում», «Իսպանիա, դարձի՛ր հաջորդը» գրություններով:
Հավաքի ընթացքում ներկաները նաև տեղեկատվական թերթիկներ բաժանեցին անցորդներին, ովքեր միաբերան նշում էին, որ առաջին անգամ են ականատես լինում որևէ դեսպանության դիմաց ցույցի, որի նպատակը ոչ թե բողոքն է, այլ ՝ երախտիք հայտնելը, ինչը գովելի է:
Հավաքի ավարտին ներկաները շնորհակալական նամակ փոխանցեցին Գերմանիայի դեսպանության ներկայացուցչին՝ ստորագրված Իսպանիայի հայ համայնքի և ԻԹ-ում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Հայր Շնորհք Սարգսյանի անունից:



