Էրդողանը դարձյալ սպառնացել է արտաքսել Թուրքիայում ապօրինի բնակվող հայերին
INTERNATIONAL NEWSԳերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանն արձագանքած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիայում մոտ 100 հազար հայ է բնակվում:
«Նրանց կեսը մեր քաղաքացիներն են: Եթե մենք նրբանկատ չլինեինք, մեր քաղաքացին չհանդիսացող հայերին ինչո՞ւ պիտի պահեինք: Եվրոպայի նման նրանց Հայաստան կուղարկենք: Կանենք դա»,-սպառնացել է Էրդողանը:
Էրդողանը նման սպառնալիքներ հնչեցրել էր նաև անցյալ տարի:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Գերմանիան ամենավերջին երկիրն է, որն իրավունք ունի իրենց ցեղասպանության մեջ մեղադրել և խորհուրդ է տվել վերանայել Հոլոքոստի ճանաչումը:
«Դու ո՞ր պետությանն ինչ ես ասում: Եվս մեկ անգամ եմ ընդգծում, մենք մեր անցյալից ամաչելու պատճառ չունենք: Սակայն մեզ Հայոց ցեղասպանության մասին բանաձևերով սպառնացող երկրներից ամեն մեկի հետևում միլիոնավոր անմեղ մարդկանց արյունը կա»,-ասել է նա:
Էրդողանի պնդմամբ՝ հայկական հարցն օգտագործվում է որպես Թուրքիային շանտաժի ենթարկելու միջոց:



