Թուրքական ավիահարվածների հետևանքով 27 քուրդ զինյալ է սպանվել
INTERNATIONAL NEWSԹուրքական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել քուրդ զինյալների ուղղությամբ հյուսիսային Իրաքում և Թուրքիայի հարավարևելյան շրջանում:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` նշելով, որ թուրքական բանակի տվյալներով` 27 զինյալ է սպանվել Իրաքի և Իրանի հետ իրենց սահմանների մոտ:
Թուրքիայի` մեծամասամբ քրդերով բնակեցված հարավարևելյան շրջաններում զինված հակամարտությունն սկսվել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ կնքված երկամյա հրադադարից հետո, որը խախտվել էր նախորդ տարվա հուլիսին:
Շաբաթ իրականացված ավիահարվածների հետևանքով ավերվել են քրդական ուժերի կրակակետերը, թաքստոցներն ու քարանձավները ինչպես Դիարբեքիր նահանգում, այնպես էլ Իրաքի Գարա տարածաշրջանում:
Նշվում է նաև, որ ուրբաթ թուրքական բանակի արձակած ավիահարվածների հետևանքով ևս 20 քուրդ զինյալ է սպանվել Հաքարի նահանգի Շեմդինլի քաղաքում:
Անվտանգության ուժերի աղբյուրի խոսքով` ավելի քան 1000 քուրդ զինյալ է սպանվել 3 ամսում վերոնշյալ տարածաշրջաններում տեղի ունեցող բախումների հետևանքով:



