Բանակցությունների ընթացքում առաջ չի քաշվել ՄԽ համանախագահների թվի ընդլայնման նախաձեռնություն. Իգոր Պոպով
INTERNATIONAL NEWSԼՂ համակարտության կարգավորման որոշակի փուլում, օրինակ, շրջանակային համաձայնության հասնելուց հետո, հաշվի կառնվի նաև Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավորությունը բանակցային գործընթացին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքսի» հետ հարցազրույցում այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Իգոր Պոպովը:
«Իրոք, այս փուլում ղարաբաղցիները ֆորմալ առումով բանակցություններին չեն մասնակցում: Սակայն այս թեմային մեծ ուշադրություն է դարձվում համանախագահների հանդիպումների ժամանակ և Հայաստանում, և Ադրբեջանում, և Լեռնային Ղարաբաղում: Կարծում եմ, բանակցությունների որոշակի փուլում, , օրինակ, շրջանակային համաձայնության ձեռքբերումից հետո, հաշվի կառնվի նաև Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավորությունը բանակցային գործընթացին»,- ասել է նա:
Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների թվի ընդլայնման թեմային՝ Պոպովը շեշտել է, որ ժամանակ առ ժամանակ թեման նետվում է լրատվական դաշտ ու ակտիվորեն առաջ մղվում քաղաքական հանրության կողմից: «Սակայն ոչ կողմերի հետ մեր «եռյակի» բանակցությունների ընթացքում, ոչ էլ մյուս միջնորդների հետ շփումներում առաջ չի քաշվել համանախագահների թվի ընդլայնման նախաձեռնություն: Ի վերջո, կարգավորման համաձայնություն ձեռք բերելը կախված չէ համանախագահների թվից, այլ միայն կոմպրոմիսի հասնելու՝ կողմերի պատրաստակամությունից»,- հայտարարել է ՄԽ ռուսասանցի համանախագահը:



