Բրիտանիայի ԱԳՆ-ն զգուշացրել է Ֆրանսիայում «Եվրո-2016»-ի ժամանակ հնարավոր ահաբեկչությունների մասին
INTERNATIONAL NEWSԼոնդոնը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին նախազգուշացնում է Ֆրանսիայում Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման ժամանակ հնարավոր ահաբեկչությունների մասին: DW.com-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ կայքում:
Արտաքին գործերի բրիտանական գերատեսչությունից նշում են, որ ահաբեկիչների թիրախ կարող են դառնալ, մասնավորապես, ֆան-գոտիներն ու հասարակական տրանսպորտը: Գերատեսչությունը կոչ է անում հունիսի 10-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Ֆրանսիա այցելել ծրագրող բրիտանացիներին զգոնություն ցուցաբերել և անհրաժեշտության դեպքում հետևել Ֆրանսիայի իշխանությունների կարգադրություններին:
Միևնույն ժամանակ, բրիտանական ԱԳՆ-ն նշել է, որ այս զգուշացումը պայմանավորված չէ ահաբեկչության նախապատրաստման մասին որևէ հստակ տեղեկությամբ:
Հիշեցնենք, որ հունիսի 10-ից հուլիսի 10-ը Ֆրանսիայի տասնյակ քաղաքներում ֆուտբոլային հանդիպումներ են անցկացվելու «Եվրո-2016» մրցաշարի շրջանակներում:



