Թուրքիան գնում է մեկուսացման. թուրքագետ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով այդ երկիրը գնում է մեկուսացման: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
«Այն հեռանկարները, որոնց իրականացման համար Թուրքիայի իշխանությունները պլաններ էին գծում, ձախողվեցին: Այսօր Թուրքիայի իշխանությունների անհեռատես քաղաքականությունը հանգեցրել է այնպիսի մի իրավիճակի, երբ Թուրքիան հայտնվում է միջազգային մեկուսացման մեջ: Դա նաև երկրին անվտանգության լրջագույն մարտահրավերների առաջ է կանգնեցնում»,-ասաց Լևոն Հովսեփյանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան ունի չափազանց լուրջ խնդիրներ թե´ ներքաղաքական, թե´ արտաքին քաղաքական դաշտում: Արտաքին քաղաքականության դաշտում վտանգավոր է դառնում Ռուսաստանի հետ հարաբերությունները լարելը: Մյուս կողմից էլ երևում է, որ հիմա էլ Անկարան հարաբերությունների լարման գործընթացը տեղափոխում է դեպի թուրք-գերմանական հարաբերություններ:
«Դա կանդրադառնա ընդհանուր ԵՄ հարաբերության վրա, մյուս կողմից էլ տեսնում ենք, որ Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերություններն անվստահության մթոլորտում են գտնվում: Այսինքն, արտաքին քաղաքական իր կարևորագույն գործընկերների հետ Թուրքիան ունի լուրջ խնդիրներ: Սա Թուրքիայի համար լուրջ մարտահրավերներ է առաջացնում»,-ասաց Լևոն Հովսեփյանը` ընդգծելով, որ լուրջ խնդիրներ կան ներքաղաքական դաշտում: Ըստ թուրքագետի՝ լարված իրավիճակը երկրի ներսում և ահաբեկչական գործողություններն առաջիկայում կշարունակվեն: Լևոն Հովսեփյանը նշեց, որ հենց Թուրքիայի իշխա նությունների վարած քաղաքականության հետևանքով է երկիրը հայտնվել այսպիսի իրավիճակում:



