Հայաստանն ավելի շատ ներմուծել է, քան արտահանել
ECONOMICSՀայաստանի արտահանումը այս տարվա հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում կազմել է ավելի քան 500 միլիոն ԱՄՆ դոլար: Ներմուծումն էլ գրեթե կրկնակի թիվ է կազմել՝ 943 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլար:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման՝ ապրանքների արտահանման պատկերն ըստ ամիսների հետեւյալ կերպ է եղել՝ հունվարին՝ 89 միլիոն 700 հազար, փետրվարին՝ 137 միլիոն 400 հազար, մարտին՝ 150 միլիոն 700 հազար եւ ապրիլին՝ 136 միլիոն 700 հազար ամերիկյան դոլար:
Ներմուծումն ամենից մեծ քանակներով է կատարվել մարտին՝285 միլիոն 900 հազար ԱՄՆ դոլար: 264 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլարի ապրանք է ներմուծվել մեր երկիր ապրիլ ամսին, մի փոքր պակաս՝ 237 միլիոն 300 հազարի ապրանք էլ ներմուծվել է փետրվարին: Եվ ամենից քիչ ներմուծում գրանցվել է հունվարին՝ 155 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլարի չափով:
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն էլ կազմել է 1 միլիարդ 457 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար:
Առեւտրաշրջանառության առավել ակտիվ է եղել ԱՊՀ երկրներից Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ՝ համապատասխանաբար 399 միլիոն 689 հազար 700 եւ 33 միլիոն 163 հազար 200 ԱՄՆ դոլար: Առեւտրաշրջանառությունը մեծ թիվ է կազմել նաեւ ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ համապատասխանաբար 36 միլիոն 219 հազար 600, 118 միլիոն 526 հազար 500 եւ 75 միլիոն 623 հազար ԱՄՆ դոլար:
Եվրամիության երկրներից կարելի է առանձնացնել Գերմանիան եւ Բուլղարիան, որոնց հետ առեւտրաշարջանառությունը կազմել է համապատասխանաբար 99 միլիոն 400 հազար եւ 64 միլիոն 709 հազար 400 ԱՄՆ դոլար:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան