Վարչապետը Ֆինանսների նախարարությանը հանձնարարեց ուսումնասիրել նախարարությունների կոմունալ ծախսերը
SOCIETYՀՀ Մշակույթի, Կրթության և գիտության, Սփյուռքի, Արտաքին գործերի և Արդարադատության նախարարությունների կոմունալ ծառայությունների դիմաց ՀԷՑ-ին և «Երևան-Ջուր»-ին ունեցած ընդհանուր պարտավորությունը կազմում է 60 միլիոն 551 հազար դրամ: Այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառ ավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ ավելացնելով, որ 59 միլիոն 674 հազար դրամը տրամադրվելու էլեկտրաէներգիայի ծախսի, իսկ 870 հազար դրամը` ջրի ծախսի դիմաց:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե տրված գումարներով չե՞ն կարողանալու վճարել ամբողջ տարվա վճարը, ինչին ի պատասխան Սահակյանն ասաց, որ նշված գումարով կկարողանան կատարել մինչ հունիս ընկած հատվածի վճարումները, իսկ հուլիսից սկսած` նոր գումար տրամադրելու անհրաժեշտություն կլինի:
«Բայց ինչո՞ւ, մարտից չե՞ն տեղափոխվել մեր նախարարությունները, երկու ամսվա համար այդքան գումա՞ր են ծախսել»,- հարցրեց Հովիկ Աբրահամյանը: Արման Սահակյանը պատասխանեց, թե նշված գումարը ոչ թե երկու ամսվա համար է, այլ հունվարից մինչև հունիս ամիսն ընկած ժամանակահատվածի համար:
Վարչապետը ՀՀ ֆինանսների նախարարությանն առաջարկեց քննարկել և ֆիքսել, թե մեկ տարվա ընթացքում նախարարությունները որքան գումար են ծախսում էլեկտրաէներգիայի և ջրի վճարումների համար:



