Պատգամավորները տնտեսական զարգացման համար անհրաժեշտ են համարում արտաքին շուկաներ գրավելը
ECONOMICSՀայաստանի տնտեսության համար ամենակարևոր խնդիրն արտաքին շուկաների գրավումն է: Միայն արտադրության ծավալները մեծացնելով է հնարավոր զարգացնել երկրի տնտեսությունը: Այս հարցում համակարծիք էին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը և «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը` հունիսի 10-ին հրավիրված ասուլիսում:
«Բյուջեն ծախսվում է, բայց աղքատությունը չի կրճատվել, որակական փոփոխություններ չեն եղել: Մենք պետք է խիստ մասնագիտական վերլուծության ենթարկենք մենաշնորհների հարցը , երկրում բոլորի համար նույն շուկայական պայմանները չեն գործում: Երկրի ներսում առկա խնդիրների լուծման միակ տարբերակը ժողովրդի հետ պարզ լեզվով խոսելն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց Մելքումյանը:
Թևան Պողոսյանի կարծիքով՝ պետք է հետևել տնտեսական ցուցանիշներին , պատասխանատվություն պետք է կրեն սխալ պլանավորողները, այն մարդիկ,ովքեր բացթողումներ են արել: «Մենք բոլորս պետք է դառնանք պահանջատեր մեզ մատուցվող ծառայությունների հանդեպ: Կրճատումների նպատակը պետք է լինի մեղավորներին պատժելը»,- ասաց Պողոսյանը:
Անդրադառնալով ԼՂՀ-ում առկա ներքաղաքական խմորումներին՝ Պողոսյանը նշեց, որ Հայկ Խանումյանի գործով բոլոր մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն, պետք է տեղի ունենա թափանցիկ դատաքննություն: «Մեղավորների պատժվելու դեպքում մենք կհամարենք, որ մի քայլ առաջ են գնացել:Հասարակությունը այս հարցում պետք է պահաջատեր լինի, որ մեղավորները խիստ պատասխանատվության ենթարկվեն: ԼՂՀ-ում տեղի ունեցող ցանկացած գործընթաց որևէ կերպ չպետք է խաթարի երկրի ներքին անդորրը, չպետք է թույլ տալ, որ ներքին խժդժումները ազդեն արտաքին անվտանգության վրա»,- հ ավելեց նա: