Թբիլիսիում արտաշատցի ըմբիշները նվաճել են ամենաշատ ոսկե մեդալները
SPORTՀունիսի 10-12-ը ազատ ոճի ըմբշամարտի Թբիլիսի քաղաքի միջազգային բաց առաջնությանն արտաշատցի ըմբիշները նվաճել են ութ մեդալ, որից չորսը` ոսկե: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանն ասաց, որ բարձր արդյունքներ ցուցաբերեցին եւ իրենց քաշային կարգերում մրցաշարի չեմպիոններ դարձան 29 կգ քաշային Սարգիս Բեգոյանը, 42 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը, 50 կգ քաշային Տիգրան Գեւորգյանը եւ 63 կգ քաշային Պետրոս Ասատրյանը: Արծաթե մեդալ նվաճեց 38 կգ քաշային Արմեն Գարամովը, ով միայն եզրափակչում, այն էլ չնչին տարբերությամբ` զիջեց Վրաստանի ներկայացուցչին: 50 կգ քաշային Գոռ Սիմոնյանը, 46 կգ քաշայիններ Գենիկ Ասատրյանն ու Արտյոմ Սիրունյանը զբաղեցրեցին երրորդ մրցանակային տեղը` արժանանալով բրոնզե մեդալների:
«Այս առաջնությանը ամենաշատ ոսկե մեդալներ նվաճեցին արտաշատցի ըմբիշները, ինչը մեծ պատիվ է մեր մարզադպրոցի համար: Այդ նվաճումներում, իհարկե, իրենց մեծ ավանդն ունեն մարզիչները, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի իրենց սաները ոչ միայն հանրապետական մրցումներում, այլեւ նման միջազգային առաջնություններում բարձրացնեն Հայաստանի դրոշն ու պատվով վերադառնան»,-ընդգծեց մարզադպրոցի տնօրենը՝ ավելացնելով, որ նախորդ տարիների համեմատ իրենց մարզիկներն ավելի շատ մրցանակային տեղեր են զբաղեցնում, ինչը վկայում է ըմբիշների որակական ցուցանիշնե րի բարձրացման մասին: Նա ավելացրեց նաեւ, որ տարեցտանի նման մրցումների մասսայականությունն ավելանում է, ինչին մշտապես իրենց մարզադպրոցի սաները մասնակցում եւ պատվով են հանդես գալիս:
Ըմբիշներին մարզում են Ռաֆիկ Գոլեցյանը եւ Վարդան Գյուրջյանը:
Առաջնությանը մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ավելի քան 400 ուժեղագույն ըմբիշներ: Արտաշատի մարզադպրոցը ներկայացնում էին 15 մարզիկներ:
Լիլիթ Մաճկալյան