Հենրիխ Մխիթարյանը գերմանական պարբերականին պատմել է հայրենիքի հանդեպ կարոտի մասին
SPORTՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը գերմանակնա Der Western պարբերականին տված հարցազրույցում խոսել է «Բորուսիա»-ում մնալու, նոր մրցաշրջանի և հայրենիքի մասին:
«Հայրենիքն իմ կյանքում շատ մեծ դեր է խաղում, ամեն տարի լինում եմ Հայաստանում և եթե խոստովանեմ, ապա շատ եմ կարոտում Երևանը: Երջանիկ մարդ եմ, որ ծնվել եմ հենց այնտեղ: Ես վայելում եմ ընտանիքի անդամների հետ շփումս և ընկերներիս ներկայացությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' Մխիթարյանի խոսքերը մեջ է բերում Der Westen կայքը:
Խոսելով օրեր անց մեկնարկող «Բունդեսլիգա»-ի մասին' հայ կիսապաշտպանը փաստել է, որ չի ուզում ինչ-որ բան խոստանալ: «Վստահ եմ, որ այս մրցաշրջանը հաջող ենք անցկացնելու: Հենց մրցաշրջանի ավարտից հետո կասեմ, որ այն հաջող էր ինձ համար»,-ասել է նա:
Մխիթարյանի կարծիքով' «Բունդեսլիգա»-ում իր նախորդ մրցաշրջանն անկումային չէր, սակայն առաջ շարժվելու համար երբեմն պետք է մեկ քայլ հետ գնալ: «Ես հաճույք եմ ստանում «Բորուսիա»-ում և մեծ սիրով կշարունակեմ աշխատել այստեղ: Իմ պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականը, և ես ամբողջովին կենտրոնացած եմ «Բորուսիա»-ի խաղի վրա»,-ասել է հայ կիսապաշտպանը:
Ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունը մեկնարկում է արդեն գալիք հանգստյան օրերին: Դորտմունդի «Բորուսիա»-ն մրցաշրջանը կսկսի Մյունխենգլադբախի հետ դերբիյով' սեփական հարկի տակ: Հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին: