Խաշմանյանը Չեմպիոնների լիգայից առաջ ձեռքբերումների և կորուստների մասին
SPORTՀայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» օրերս համալրումներ ունեցավ, որոնց թվում է մակեդոնական «Վարդարի» նախկին կիսապաշտպան Արտակ Դաշյանը: Հայ ֆուտբոլիստից բացի, «Ալաշկերտի» հետ պայմանագրեր են ստորագրել նաև սերբ պաշտպան Ալեքսանդր Տասիչը, ուկրաինացիներ Դմիտրի Խովբոշան և Անտոն Սավինը:
Երևանյան թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն armsport.am-ի հետ զրույցում խոսեց կազմի համալրման մասին:
«Բավականին լավ ձեռքբերումներ ունեցանք: Դաշյանի հետ 2 օր է, ինչ աշխատում եմ և կարող եմ ասել, որ հիանալի որակներով ֆուտբոլիստ է: Նախկինում էլ նման կարծիք ունեի, սակայն այժմ ավելի կոնկրետ կարող եմ ասել: Վստահեցնում եմ՝ գալիք առաջնությունում Արտակը լավագույններից է լինելու: Նշեմ, որ ֆունկցիոնալ առումով խնդիրներ ունի, և դա բնական է: Ամեն դեպքում, Չեմպիոնների լիգայի խաղերում 10-15 րոպե կարող է օգնել թիմին:
Մեզ միացած Ալեքսանդր Տասիչը շատ լավ տպավորություն է թողել. նույնը կարող եմ ասել Խովբոշայի և Սավինի մասին. վերջինս նույնպես ֆունկցիոնալ խնդիր ուներ, սակայն աստիճանաբար ամեն ինչ շտկվում է:
Դեռևս որոշում չենք կայացրել Մարատ Դաուդովի վերաբերյալ: Իր հարցով առաջիկա օրերին ամեն ինչ պարզ կլինի:
Ընդգծեմ, որ խնդիրներ ունենք. Արարատ Առաքելյանն ու Արթուր Եդիգարյանը լավ վիճակում չեն: Արարատը դեռ չի ապաքինվել վերջին տուրում «Շիրակի» դեմ խաղում ստացած վնասվածքից և հնարավոր է չհայտավորվի խաղերին: Արթուրն էլ ստամոքսի խնդիր ունի, հուսանք, որ առաջիկայում կապաքինվի և կկարողանա օգնել թիմին. նա հիանալի մարզավիճակում է:
Շարունակում է անորոշ մնալ Հեբերի հարցը: Առաջիկա օրերին այդ մասով էլ ամեն ինչ պարզ կլինի: Չգիտեմ՝ ինչ մարզավիճակում կլինի, քանի որ մոտ 1 ամիս չեմ աշխատել իր հետ: Կարծում եմ, եթե միանա, կրկին կարող է 10-15 րոպե օգուտ տալ»: