Ինչո՞ւ է Դիանա Գրիգորյանը մեկնել ԱՄՆ
PHOTOBlognews.am-ը գրում է.
«Առաջնորդները» հեռուստասերիալի ստեղծագործական թիմն այս օրերին ԱՄՆ-ում է, որտեղ պետք է նկարահանվեն հեռուստասերիալի առաջիկա սերիաները։ BlogNews-ի հետ զրույցում նախագծի ղեկավար և գլխավոր դերակատար Դիանա Գրիգորյանն ասաց, որ մինչ այս ևս ԱՄՆ-ում ունեցել են նկարահանումներ, այսուհետև էլ՝ պարբերաբար ունենալու են։
ԱՄՆ-ում աշխատանքների կազմակերպմամբ զբաղվում է գլխավոր պրոդյուսեր Արա Կազարյանը։ ««Առաջնորդներն» առաջնահերթ «Պանարմենիան TV»-ի պատվերն է, այդ կամուրջը միշտ պետք է լինի և մեզ բերի այստեղ։ Էստեղի իրականության մասին բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել և մենք խնդիր չունենք հեռուստադիտողներին դա ներկայացնել, ուղղակի հեռուստասերիալի սյուժետային զարգացումները մեզ բերեցին այստեղ»,- ասաց Դիանան՝ նշելով, որ առաջիկայում խաղընկերներն էլ կմիանան իրեն, պարզապես դեռ թղթաբանական խնդիրներ են լուծվում։
Անդրադառնալով «Առաջնորդների» վարկանիշին Հայաստանում Դիանան նկատեց, որ առաջին անգամ հեռուստատեսությամբ սկսեց ցուցադրվել մի սերիալ, որը համացանցում հասանելի է և առաջ մոտ 90 սերիայով. «Թվում էր՝ համացանցը պետք է խանգարած լինի ռեյթինգին։ Այդ մտավախությունն իմ մեջ կար, սակայն Աստված մեզ հետ էր, մենք հեռուստադիտողների պակաս չունեցանք։ Վարկանիշային առումով «Առաջնորդներն» առաջին տեղում է։ Մենք համացանցում ևս թվերի խնդիր չունեցանք։ Յուրաքանչյուր նոր սերիա ապահովում է 150-200.000 դիտում, որը սերիալի համար չափազանց լավ ցուցանիշ է»։
Դիտարկմանը, որ թե՛ «Դժվար ապրուստը», թե՛ «Հարազատ թշնամին» վարկանիշային առումով առաջինն են եղել, սակայն, ըստ ցուցանիշների, «Հարազատ թշնամին» «Դժվար ապրուստի» համեմատ ավելի մեծ լսարան է ունեցել, այս առումով «Առաջնորդները» գերազանցե՞լ է նրանց, Դիանան արձագանքեց. «Հավասար գնում է, սակայն պետք է նշեմ, որ ընդհանուր հեռուստատեսային դիտողականությունն է հիմա ընկել, եթե համեմատենք 1-2 տարի առաջվա հետ։ Միգուցե դա պայմանավորված է արտագաղթով, միգուցե համացանցն է իր ազդեցությունը մեծացնում, սակայն փաստ է, որ կա ընդհանուր դիտղականության անկում»,- ասաց նա։
Սցենարիստը նշեց, որ շատ բարդ է համատեղել նախագծի ղեկավարի և գլխավոր հեոսուհու աշխատանքները։ «Սարսափելի հոգնում եմ։ ԱՄՆ-ում ևս դադար չունեմ, հենց հիմա TV-ում եմ, աշխատում եմ մինչ ուշ գիշեր»։
Հեռուստասերիալի մեկնարկից ամիսներ անց Դիանայի հետ հետադարձ հայացքով խոսեցինք գլխավոր հերոսուհու կերպարում ներկայանալու մասին։ Նա նշեց, որ դեռևս վատ արձագանք չի ստացել իր խաղի վերաբերյալ։ «Ես փորձում եմ անել ամեն բան, որ անկեղծ լինեմ։ Կարծում եմ՝ ինչ-որ չափով ինձ մոտ ստացվում է դա, որովհետև ես գրում եմ և զգում եմ այն, ինչ անում եմ՝ և՛ հուզվելը, և՛ լացելը։ Որևէ ձև չեմ փորձում ստել, ինձ թվում է՝ հեռուստադիտողն էլ գնահատում է այդ անկեղծություւնը։ Ինչ խոսք, կան նաև մարդիկ, ովքեր չեն հավանում իմ խաղը, ինձ համար շատ կարևոր է յուրաքանչյուրի կարծիքը, ես յուրաքանչյուր քննադատական կարծիքին վերաբերում եմ շատ ադեկվատ ու փորձում եմ անել ամեն բան, որպեսզի շտկեմ թեկուզ յուրաքանչյուր մանրուք,- ասաց Դիանան, ով անպայման նայում է իր խաղը՝ հետագայում շտկումներ անելու համար։ -Այլ տարբերակ լինել ուղղակի չի կարող։ Դա ևս աշխատանքի մի մասն է»։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի