500 վարդ` «հերոսուհու» համար. ամուսնու գեղեցիկ անակնկալը քիմիաթերապիայի տանջալի կուրսն ավարտած կնոջը (լուսանկար)
PHOTOԱՄՆ-ի Նեբրասկա նահանգի բնակիչ Բրեդ Բուսքեթը որոշել է յուրահատուկ անակնկալ մատուցել իր կնոջը, ով քաղցկեղը հաղթահարելու նպատակով անցել է քիմիաթերապիայի հյուծիչ ու ցավոտ կուրսերից ամենավերջինը:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, կնոջ հաղթանակն ու նրա անդրդվելի կամքի ուժը գնահատելու համար տղամարդը գնել է 500 վարդ, որոնք սիրելիին է նվիրել հենց հիվանդանոցում:
Tert.am-ը գրում է․
Հետաքրքրական է, որ Բրեդն ի սկզբանե բավականաչափ գումար չի ունեցել 10 դոլարանոց վարդերից 500 հատ գնելու համար: Ուստի` նա դիմել է քաղցկեղով հիվանդներին օգնող բարեգործական կազմակերպություններին, ընկերներին, հարազատներին ու համացանցի օգտատերերին:
Կարճ ժամանակ անց Բրեդի խնդրանքին արձագանքել են բազմաթիվ մարդիկ, որոնց նվիրատվությունների շնորհիվ «ծաղկային տոնն» իրականություն է դարձել:
«Երբ կինս տեսավ ծաղկամանների մեջ դրված վարդերը, նա այնքան ուրախացավ, սակայն ցանկություն հայտնեց դրանցով կիսվել քաղցկեղով հիվանդ մյուս կանանց հետ: Շատերը ծաղիկները ստանալիս չէին կարողանում զսպել արցունքները»,-պատմել է հոգատար ամուսինը:
Նա նաև մանրամասնել է, որ վարդեր գնելու իր կոչին արձագանքել է 170-ից ավելի մարդ, որոնց նվիրաբերած գումարի մի մասը հատկացվել է քաղցկեղի դեմ պայքարի կազմակերպություններին ու հիմնադրամներին: