Հենրիխ Մխիթարյանը՝ Bundesliga.com-ի հերոս
SPORTԲունդեսլիգայի պաշտոնականկայքը մեծ հրապարակումով անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում դարձել է դուբլի հեղինակ եւ ցուցադրել է գերազանց խաղ։
«Մարիո Գյոտցեի հեռանալուց հետո Դորտմունդի «Բորուսիան» փնտրում էր տեխնիկան լավ պատրաստված, գոլային արդյունավետությամբ հարձակողական կիսապաշտպանի եւ ընտրեց Հենրիխ Մխիթարյանին։
Եվրոպայի ամենավառ հարձակողական կիսապաշտպանը երեք մրցաշրջանում յոթ տիտղոս նվաճելուց եւ Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու դառնալուց հետո տեղափոխվեց Բունդեսլիգա։
Այժմ նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի ղեկավարությամբ Մխիթարյանը գերազանց է սկսել նոր մրցաշրջանը։
«Ես չունեմ երաշխավորված տեղ մեկնարկային կազմում։ Ամեն մարզման եւ հանդիպման ժամանակ պետք է ապացուցեմ իմ կարգը։ Նոր գլխավոր մարզիչը կորոշի ֆուտբոլիստների համար ամենաօպտիմալ դիրքը»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը։
Զարմանալի չէ, որ Մխիթարյանի կուռքը լեգենդար ֆրանսիացի Զինեդին Զիդանն է։ «Ես հիանում էի նրա խաղաոճով եւ խաղադաշտում կատարածով։ Նա նման էր հրաշագործի»,- պատմել է Մխիթարյանը, որի մանկությունն անցել է Ֆրանսիայում։
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի մեկնարկային տուրում Թոմաս Տուխելի թիմը 4։0 հաշվով հաղթել է Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։