Հայաստանում բասկետբոլի բարձրակարգ առաջնություն կազմակերպելու համար առնվազն 10 տարի ժամանակ է պետք
SPORTՀայաստանը կարող է կազմակերպել բասկետբոլի առաջնություն, որում հանդես կգան պրոֆեսիոնալ ակումբներ, սակայն այդ առաջնությունն այս պահի դրությամբ չի կարող բարձր մակարդակ ունենալ:
Հուլիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը: «Ակումբները պետք է ձևավորվեն մանկապատանեկան սպորտը զարգացնելուց հետո, իսկ դրա համար մեզ առնվազն 10 տարի ժամանակ է պետք: Մենք ոչ մի տեղ չենք շտապում: Այս տարվանից արդեն կաշխատենք մանկապատանեկան սեկցիաները բազմացնել, մարզվող երեխաների թիվը պետք է հասցնենք 10 հազարի, դրանից հետո նոր մենք կարող ենք ունենալ նորմալ առաջնություն»,- նշեց Պողոսյանը:
Նա հավելեց, որ այդ հարցում ֆեդերացիան կունենա Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի մարզիչ Տիգրան Գյոկչյանի օգնության կարիքը, քանի որ վերջինիս աչքի առաջ Լիբանանի բասկետբոլի առաջնությունը, որտեղ խաղացել են բետոնի վրա, 20 տարվա ընթացքում դարձել է Ասիայի ամենաուժեղ առաջնություններից մեկը: «Լիբանանում 0-ից բասկետբոլ է սկսվել: Մենք հիմա ունենք լավ բասկետբոլիստներ, բայց նրանք անցել են նույն Լիբանանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի դպրոցները: Մենք մեր լավ դպրոցը կորցրել ենք ու հիմա պետք է վերստեղծենք այն: Մենք կորցրել ենք ամեն ինչ այս 25 տարում, բայց սա մեր մեղքը չէր, պետությունն այնպիսի վիճակում էր, որ հնարավոր չէր պահել դա: Հիմա մենք քայլեր ենք ձեռնարկում, որ կարողանանք վերականգնել մեր բասկետբոլի դպրոցը»,- ասաց Արա Պողոսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի բասկետբոլի հավաքականը, նվաճելով Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոնի տիտղոսը, ցույց տվեց, որ կարելի է հասնել ցանկացած հաջողության, եթե աշխատանքները ճիշտ են կազմակերպվում: