«Եվրո-2016». սպասելով չեմպիոնին
SPORTՓարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում այսօր կորոշվի Եվրոպայի լավագույն հավաքականը: Ինչպես հայտնի է, մրցելու են Ֆրանսիայի և Պորտուգալիայի ազգային ընտրանիները:
«Եվրո-2016»-ի եզրափակիչ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժ. 23.00-ին:
Past.am-ի զրուցակիցները ներկայացրել են իրենց ֆուտբոլային նախասիրություններն ու կանխատեսումները:
Արմեն Աշոտյան. «Առաջնության մեկնարկին Պորտուգալիայի հավաքականին եմ երկրպագել։ Բայց խաղը շատ հիասթափեցնող էր։ Հուսամ՝ գոնե եզրափակիչ խաղում գեղեցիկ հարավային ֆուտբոլ կտեսնենք»:
Զոհրապ Եգանյան. «Ավանդաբար երկրպագել եմ Ֆրանսիայի հավաքականին, բայց այսօրվա Ֆրանսիայի հավաքականը զիջում է 1998-2000-ի հավաքականին, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Պորտուգալիային կերկրպագեն պորտուգալացիներն ու Կրիշտիանո Ռոնալդուի տաղանդի երկրպագուները, իսկ մեծամասնությունը կերկրպագի ֆրանսիացիներին։ Մեծ է հավանականությունը, որ Ֆրանսիան կհաղթի, բայց «Եվրո-2016»-ում ֆուտբոլը պարտվեց: Շատ քիչ էին գեղեցիկ խաղերը, այնպես որ, մեծ հաշվով չեմպիոնը, ով էլ դառնա, աչքի չընկավ չեմպիոնին վայել ոչ մի խաղով»։
Արման Սահակյան. «Կարծում եմ՝ Ֆրանսիան կհաղթի: Ոչ մեկին չեմ երկրպագում»:
Մենուա Մեհրաբյան. «Սկսած 1997 թվականից՝ երկրպագում եմ Ֆրանսիայի հավաքականին։ Չնայած նրան, որ ֆրանսիացիները դուրս են եկել եզրափակիչ, չեմ կարծում, որ հավաքականը ցույց է տվել չեմպիոնական խաղ։ Հույս ունեմ, որ Ֆրանսիայի հավաքականի կատարմամբ երկար սպասված չեմպիոնական խաղը կտեսնեմ այսօր։ Ինչ վերաբերում է Պորտուգալիային, ապա այս ընտրանին նույնպես չխաղաց այն ֆուտբոլը, որը նրանից սպասում էին երկրպագուները։ Ամեն դեպքում, ակնկալում եմ գեղեցիկ և գոլառատ խաղ։ Հույս ունեմ և գրեթե վստահ եմ, որ կհաղթի Ֆրանսիան եւ կհռչակվի Եվրոպայի չեմպիոն»։
Լևոն Փանոսյան