Գյուղնախարարությունը հիշեցրել է ինչպես վերականգնել խաղողի կարկտահարված այգիները
ECONOMICSՀայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը քաղաքացիներին հիշեցրել է խաղողի կարկտահարված այգիների արագ վերականգնմանն ուղղված միջոցառումների մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակա յնության հետ կապերի բաժնից:
Ստորև ներկայացնում ենք այդ միջոցառումներն ամբողջությամբ:
«Հայաստանի Հանրապետության այգեգործական շրջաններին մեծ վնաս է պատճառում կարկտահարությունը:
Կարկտահարությունից ուժեղ վնասվածության դեպքում անհրաժեշտ է էտել կամ կարճացնել այն մատերը, որոնց շիվերը կոտրատվել, կախվել կամ թափվել են` թողնելով մատի հիմքին հնարավորին չափ մոտ գտնվող 2-3 շիվերի հիմքի 2-3 հանգույցները` տերևներով: Վազի թևերի վրա այսպիսի խորը էտը նպաստում է բազմաթիվ բճաշվերի բազմամյա մասերի քնած բողբոջներից, ինչպես նաև մատերի հիմքի անկյունային աչքերից առաջացած շիվերի ինտենսիվ աճին:
Խոր հատումներից հետո վազի վրա անհրաժեշտ է թողնել համեմատաբար քիչ քանակությամբ շվեդ և աչքեր, 10-15 օր անց բազմամյա մասերի քնած աչքերից, միամյա մատերի հիմքի աչքերից և կարճ էտված կանաչ շիվերի հանգույցներից մեծ թվով շվեդ են աճում` ստեղծելով համեմատաբար խիտ սաղարթ: Երբ շիվերի հիմնական մասը կունենա 5-6 տերև, անհրաժեշտ է կատարել շվարում` հեռացնելով ձևավորման համար ոչ պիտանի շիվերը:
Վազը կապահովվի ասիմիլյացիոն մակերեսով, անհրաժեշտ քանակությամբ շիվերով ու բճաշվերով, որոնք լավ երաշխիք են հանդիսանում տնկարկների հաջորդ տարվա բերքատվության ապահովման համար:
Շատ ուժեղ վնասվածության դեպքում խիստ վնասված թևերի վրա անհրաժեշտ է կատարել խորը էտ` դրանք կարճացնել մինչև առողջ մնացած կամ քիչ վնասված մասերը: Թևերից և ենթաթևերից պետք է թողնել ձևավորման համար համապատասխան դիրք ունեցող քիչ վնասված մասերը: Դրանց վրայի վնասված մատերը կարճացնել մինչև հիմքի 2-4-րդ հանգույցները` պահպանելով դրանց վրա եղած շիվերի հիմքերը` անկյունային աչքերով:
Կարկտահարությունից վնասված այգիներն անհրաժեշտ է սնուցել օրգանական և հանքային պարարտանյութերով: Կանաչ շիվերի փայտացումն ապահովելու և վազերի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով պետք է այգին սնուցել` 150-170 կգ ֆոսֆորական (սուպերֆոսֆատ) և 70-80 կգ կալիումական (կալիումական աղ) պարարտանյութերով: Ազոտական պարարտանյութերով լրացուցիչ սնուցումը կարող է խոչընդոտել շիվերի փայտացմանը, ուստի անհրաժեշտ է խիստ սահմանափակել դրանց օգտագործումը: Պարարտացումից հետո, առանց ուշացման, այգին պետք է խնամքով ջրել, այնուհետև ժամանակին կատարել հողի մշ ակության և մոլախոտերի դեմ տարվող մյուս աշխատանքները:
Կարկտահարված վազերի կանաչ օրգաններն ավելի զգայուն են հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ: Ուստի ժամանակին, առանց ուշացման, անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցառումներ վազերի կանաչ օրգանները հիվանդություններից ու վնասատուներից պաշտպանելու համար»: