Զավեն Անդրիասյանը` Եվրոպայի համալսարանական մարզական 3-րդ խաղերի կայծակնային շախմատի չեմպիոն
SPORTԽորվաթիայի Զագրեբ քաղաքում տեղի են ունեցել Եվրոպայի համալսարանական մարզական 3-րդ խաղերը, որոնց շրջանակներում անցկացվել է նաև շախմատի մրցաշար: Համալսարանական խաղերում Հայաստանը ներկայացնում են Զավեն Անդրիասյանը և Հովհաննես Գաբուզյանը: Երեկ տեղի է ունեցել կայծակնային շախմատի մրցաշար, որտեղ Զավեն Անդրիասյանը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և դարձել մրցաշարի հաղթող: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Պ ավել Պանկրատովը, իսկ Մաքսիմ Չիգաևը եզրափակել է լավագույն եռյակը: Մրցաշարում մեր մյուս պատվիրակը` Հովհաննես Գաբուզյանը գրավել է 4-րդ հորիզոնականը:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ ինֆորմացիան հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվական բաժինը:
Համալսարանական խաղերի շրջանակներում անց է կացվում նաև արագ շախմատի մրցաշար: Այստեղ կայացել են նախատեսված 9 տուրերից 7-ը: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Հովհաննես Գաբուզյանը, ով 7 հնարավորից վաստակել է 6,5 միավոր, երկրորդ հորիզոնականում ընթանում է Զավեն Անդրիասյանը, ով վաստակել է 5,5 միավոր: