Ծաղկաձորում շարունակվում է «Լավագույն մարզական ընտանիք 2016»-ը
SPORTՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք 2016» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով Ծաղկաձորի գլխավոր մարզաբազա են մեկնել Երևանը ներկայացնող, հաշմանդամ մարզիկ ունեցող 11 ընտանիքները: Մինչ մեկնումը նրանց հետ հանդիպել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը և քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը: Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները վստահեցրել են, որ Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ արել է՝ երևանցի, այդ թվում նաև հաշմանդամ մարզիկներ ունեցող ընտանիքների հաջող մասնակցությունն ապահովելու համար, և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից մաղթել են գերազանց մասնակցություն ու հաղթական վերադարձ: Մրցույթի մասնակիցներն իրենց հերթին հավաստիացրել են, որ թեև իրենց դեպքում կարևորը մասնակցությունն է, սակայն Ծաղկաձոր են մեկնում հաղթական տրամադրվածությամբ:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժինը:
«Լավագույն մարզական ընտանիք 2016» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը մեկնարկել է հուլիսի 18-ին և կշարունակվի մինչև հուլիսի 25-ը: Հիշեցնենք, որ հաշմանդամ մարզիկներ ունեցող ընտանիքները կմասնակցեն առանձին հաշվարկով: Մրցումների ավարտից հետո Ծաղկաձորում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ մրցանակները կհանձնի Հայաստանի լավագույն մարզական ընտանիքներին, իսկ գլխավոր մրցանակ գավաթը՝ ընդհանուր հաշվարկով հաղթող պատվիրակությանը: