Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 4.8 տոկոսով
ECONOMICSՀայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվար-հունիսին 4.8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս տարվա հունիսին մայիսի համեմատ ցուցանիշն աճել է 12.8 տոկոսով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
Անկում է գրանցվել շինարարության, առևտրի շրջանառության ոլորտներում: Սպառողական գների ինդեքսը նվազել է 1.5 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 2.4 տոկոսով: Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել է 7.8 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում նվազումը կազմել է 4.9 տոկոս: 2015թ. հունվար-հունիսի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 8.3 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 3.3 տոկոսով:
Առեւտրի շրջանառությունը 2016-ի հունվար-հունիսին նվազել է 0.3 տոկոսով` 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել 973 միլիարդ 481.8 միլիոն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.9 տոկոսով` կազմելով 659 միլիարդ 668.9 միլիոն դրամ:
Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3 տոկոսով (183 հազար 582 դրամ). ընդ որում պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է 0.6 տոկոսով` կազմելով 157 հազար 188 դրամ: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2015թ. հունվար-հունիսի համեմատ աճել են 2.7 տոկոսով (2 միլիարդ 272.5 միլիոն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն ավելացել է 16.7 տոկոսով (815 մլն դոլար), իսկ ներմուծումը նվազել է 3.7 տոկոսով (1 միլիարդ 457.5 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 483.86:
Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով: