Մանվել Գրիգորյանի որդին 16 հազար դոլարով ավտոմեքենա է գնել
ECONOMICSԷջմիածնի քաղաքապետ, Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանը նախորդ տարի վաճառել է իր 3 միլիոն 100 հազար դրամ արժողությամբ TOYOTA COROLLA 1.6 մակնիշի ավտոմեքենան ավելի թանկ՝ ութ միլիոն դրամ արժողությամբ AUDI Q5 3.2 մակնիշի ավտոմեքենան գնելու նպատակով:
Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված՝ պաշտոնյայի 2015-ի տարեկան հայտարարագրից:
Մանվել Գրիգորյանի որդին նախորդ տարի հայտարարագրել է վեց միլիոն 200 հազար դրամ, հազար 800 ԱՄՆ դոլար եւ հինգ հազար 200 եվրո դրամական միջոցներ:
Էջմիածնի քաղաքապետի 2015թ. տարեկան եկամուտն էլ կազմել է ավելի քան տասը միլիոն դրամ՝ մոտ 10 միլիոն 600 հազար դրամ: Սրանից երկու միլիոն 549 հազար 566 դրամը քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու արդյունքում ստացված աշխատավարձն է, երեք միլիոն 100 հազար դրամը վաճառված ավտոմեքենայից ստացված հասույթը եւ չորս միլիոն 950 հազար դրամն էլ՝ ստացված փոխառություններն են (վարկեր):
Կարեն Գրիգորյանի կինը՝ Հռիփսիմե Հակոբյանը, նախորդ տարի հայտարարագրել է չորս միլիոն դրամական միջոցներ եւ մեկ միլիոն 690 հազար տարեկան աշխատավարձ: Ինչպես տեղեկանում ենք Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայք-էջից, Կարեն Գրիգորյանը 1992-1994թթ.՝ վաղ պատանեկության տարիներին, լեգենդար 5-րդ բրիգադի կազմում մասնակցել է Արցախի ազատագրմանը: Արժանացել է ՀՀ եւ ԼՂՀ նախագահների «Մարտական ծառայության», ՀՀ պաշտպանության նախարարի «Գարեգին Նժդեհ» եւ ՀՀ պաշտպանության նախարարի «Դրաստամատ Կանայան» մեդալների:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան