Գեղարքունիքի մարզի համայնքների գյուղացիական կոոպերատիվներն այս տարի ձեռք են բերել 229 միավոր գյուղտեխնիկա
ECONOMICSՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակներում Գեղարքունիքի մարզի համայնքների գյուղատնտեսական կոոպերատիվները 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ձեռք են բերել գյուղտեխնիկա, ջրարբիացրել հազարավոր հեկտարների հասնող արոտներ:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, վերոնշյալ ծրագրի իրականացմամբ մեր համայնքների գյուղացիական կոոպերատիվները ձեռք են բերել 229 միավոր գյուղտեխնիկա: «Եկող տարվա ընթացքում համայնքներում կազմավորված գյուղատնտեսական կոոպերատիվներին տրվող գյուղտեխնիկայի քանակը կհասնի մինչեւ 708 միավորի: Արոտների ջրարբիացման նպատակով անցկացվել են նաեւ տասնյակ կիլոմետրերի հասնող ջրատարներ,կառուցվել է 27 անասնախմոց: Ընդհանուր առմամբ, կատարվել է 827 միլիոն դրամի ներդրում: Արդեն ծրագիր իրականացնող կառույցին առաջարկություն ենք ներկայացրել՝ համայնքների գյուղատնտեսական կոոպերատիվները հացահատիկահավաք նոր կոմբայններով ապահովելու համար, որոնց կարիքն առավել զգացվում է»,- ներկայացրեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Ստացված գյուղտեխնիկան տնտեսություններին անհրաժեշտ, սպասված ու մատչելի ծառայություններ է մատուցում գյուղատնտեսկան աշխատանքների եռուզեռի այս շրջանում:
Խոսրով Խլղաթյան