«Bloomberg». Հայկական դրամը մտնում է «անկման» վտանգին ենթակա արժույթների տասնյակի մեջ
ECONOMICSՀայկական դրամը մտնում է արժույթների այն տասնյակի մեջ, որոնք կարող են հետեւել ղազախական տենգեին եւ անկում ապրելը, ինչի պատճառը Չինաստանի վերջերս ընդունված որոշումն է: Նման կանխատեսումներ է անում ֆինանսական տեղեկատվության «Bloomberg» պորտալը:
Կայքի համաձայն, յուանը թուլացնելու` Չինաստանի որոշումը արժույթների արժեզրկման շղթա է սկսել` անբարենպաստ վիճակում դնելով այն երկրներին, որոնք արտահանման շուկաներում մրցակցում են մեծությամբ աշխարհի երկրորդ տնտեսության հետ, ինչպես նաեւ այն երկրներին, որոնք Չինաստանին ապրանք են վաճառում: Դա վատացրել է զարգացող շուկաների վիճակը, որոնք արդեն ցնցվում են ԱՄՆ-ում տոկոսադրույքների ակնկալվող ավելացումից եւ նավթի ցածր գներից: Որոշները, ինչպես օրինակ նախկին Խորհրդային Միության երկրները հավելյալ խնդրի են բախվում. ռուբլու պահպանվող թուլությունը նրանց ոչ շահավետ վիճակի մեջ է դնում Ռուսաստանի հետ առեւտրում:
«Bloomberg»-ի կանխատեսումներով, տարբեր հանգամանքների բերումով աշխարհում ամենից ավելի վտանգված են հետեւյալ արժույթները` սաուդյան ռիալը, թուրքմենական մանաթը, տաջիկական սոմոնին, հայկական դրամը, ղրղզական սոմը, եգիպտական ֆունտը, թուրքական լիրան, նիգերիական նայրան, գանայական սեդին, զամբիական կվաչան, մալազիական ռինգիտը:
Հայկական դրամի առնչությամբ կայքը նշում է, որ արժույթը վերջին 12 ամիսների ընթացքում 15 տոկոսով արժեզրկվել է, եւ այդ անկումը համեմատում է ռուբլու` 46 տոկոս անկման հետ` միաժամանակ նշելով, որ երկիրն իր առեւտրաշրջանառության մեկ քառորդն իրականացնում է Ռուսաստանի հետ: