Ավելացել է Հայաստանից արտահանվող սուրճի ծավալը, նվազել ներկրումը
ECONOMICSԸնթացիկ տարվա հունվար-մայիսին Հայաստան է ներմուծվել 4 հազար 235 տոննա սուրճ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 499 տոննայով: 2015 թվականի հունվար-մայիսին Հայաստան է ներմուծվել 4 հազար 734 տոննա սուրճ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնից:
Ընթացիկ տարում, ամենաշատ ծավալով սուրճ`3 հազար 162 տոննա ներմուծվել է Ինդոնեզիայից, որին 720 տոննայով հաջորդում է Վիետնամը, 136 տոննայով` Հնդկաստանը, 51 տոննայով` Ռուսաստանի Դաշնությունը: Տարվա ընթացքում սուրճ ներկրվել է նաև Ուգանդայից, Իտալիայից, Հոնդուրասից, Եթովպիայից, Բրազիլիայից:
Ընթացիկ տարվա հունվար-մայիսին Հայաստանից արտահանվել է 375 տոննա սուրճ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելին է 48 տոննայով: 2015 թվականի հունվարի-մայիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 327 տոննա սուրճ:
Ընթացիկ տարում ամենաշատ ծավալով սուրճ`235 տոննա, Հայաստանից արտահանվել է Ռուսաստան, որին 138 տոննայով հաջորդում է Վրաստանը: Չնչին քանակությամբ Հայաստանից սուրճ արտահանվել է նաև դեպի Ուկրաինա: