Հայաստանը շեշտակի ավելացրել է արտահանված պտուղ-բանջարեղենի ծավալը
ECONOMICSՀայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն այս պահին գերազանցում են նախորդ ողջ տարվա ընդհանուր ցուցանիշը: Լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Նրա խոսքով` այս տարի նախատեսվում է պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները հասցնել 120 հազար տոննայի: «Այս պահի դրությամբ արդեն արտահանվել է 85 հազար 326 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Նախորդ տարի ընդհանուր տարվա ընթացքում 76 հազար 700 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն էր արտահանվել, իսկ նախորդ տարվա այս ժամանակահատվածում` 49 հազար 800 տոննա: Այսինքն` շեշտակի աճ ենք արձանագրել արտահանման ոլորտում»,-ասաց փոխնախարարը:
Ծիրանի արտահանման առումով Մակարյանը նշեց, որ չնայած վատատեսական կանխատեսումներին, ծիրանի արտահանման գործընթացն այսօր էլ շարունակվում է: «Անցյալ տարվա մակարդակին ենք համարյա հասել ծիրանի արտահանման առումով: Նախորդ տարի այս ժամանակահատվածում արտահանվել էր 20 հազար 855 տոննա ծիրան, այսօրվա դրությամբ` 19 հազար 257 տոննա արդեն արտահանվել է հանրապետությունից: Գներն անցյալ տարվա համեմատ բավականին բարձր են»,-ասաց Մակարյանը:
Ռոբերտ Մակարյանի տեղեկացմամբ` արտահանման մեծ մասը` 85 տոկոսը, բաժին է ընկել Ռուսաստանին (73 հազար 300 տոննա): Վրաստան է արտահանվել 7 հազար 400, Բելառուս` 4 հազար 270, Իրաք` 267, Արաբական Միացյալ Էմիրություններ` 60 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: