Արցախում ծանր վիրավորված Հովհաննես Պողոսյանը տեղափոխվեց վերականգնողական կենտրոն
SOCIETYNews.am-ը գրում է.
Արցախում մայիսի 13-ին ծանր վիրավորված Հովհաննես Պողոսյանը տեղափոխվել է Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հովհաննեսի մայրը` տիկին Գայանեն:
«Մոտ մեկ շաբաթ առաջ հոսպիտալից Հովհաննեսին տեղափոխել են Կարմիր խաչ, այստեղ է բուժումը շարունակում: Վիճակն օրեցօր լավանում է, արդեն սկսել է ինքնուրույն քայլել, կամաց- կամաց քայլեր է անում»,- ասաց տիկին Գայանեն:
Հիշեցնենք, որ 21-ամյա Հովհաննեսը երկրորդ անգամ է վիրավորվել: Առաջին անգամ թեթեւ վնասվածք է ունեցել եւ, հարազատների փոխանցմամբ, առանց ամբողջությամբ ապաքինվելուն սպասելու՝ նորից դիրքեր բարձրացրել:
Հովհաննես Պողոսյանը ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, բազմաբեկորային վնասվածքներ։ Վիրավորի մոտ ուղեղային կոմա էր առկա։ Նա արդեն երկու անգամ վիրահատվել է Երեւանում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հովհաննես Պողոսյանը ծանր վիրավորում է ստացել 2016 թվականի մայիսի 13-ին, Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության հենակետերից մեկում:



