ԱԱԳ-ն գերմանական հետախուզությանն օգնել է հետաքննել Բավարիայում հարձակումները
PHOTOԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) գերմանական անվտանգության մարմիններին օգնել է հետաքննել գերմանական Վյուրցբուրգ եւ Անսբախ քաղաքներում (Բավարիայի դաշնային երկրամաս) իրականացված ահաբեկչական գործողությունները:
Focus պարբերականի տվյալներով, ամերիկացիները վերծանել են կոդավորված ուղերձները, որոնցում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ենթադրյալ անդամը կառավարում է իսլամիստների գործողությունները` Սաուդյան Արաբիայում գրանցված սիմ-քարտ օգտագործելով: Գերմանական մարմինները տեխնիկական միջոցներ չունեն ահաբեկիչների չաթը ջարդելու համար, նշել է Focus-ը: Գրոհներից առաջ, անհայտ անձը հրահանգներ է տվել կատարողներին:
Կացնով եւ դանակով զինված 17-ամյա փախստականը ենթադրաբար` Աֆղանստանից, հուլիսի 18-ին հարձակվել է մերձքաղաքային գնացքի ուղեւորների վրա, որն ուղեւորվել է Վյուրցբուրգ: Արդյունքում 15 մարդ տուժել է:
ԶԼՄ-ների տվյալներով, անհայտ անձը (ենթադրաբար` ԻՊ-ում կոնտակտային անձ) առցանց չաթում անչափահասին առաջարկել է մեքենայով մխրճվել մարդկանց ամբոխի մեջ, բայց նա մերժել է այդ տարբերակը, որովհետեւ վարորդական իրավունք չի ունեցել: Նա որոշել է հարձակվել գնացքի ուղեւորների վրա եւ հարձակումից առաջ, իր զրուցակցին գրել է. «Կհանդիպենք դրախտում»:
Հուլիսի 25-ին սիրիացին պայթյուն է կազմակերպել Անսբախի կենտրոնում: Առցանց նամակագրությունը ցույց է տալիս, որ գրոհից առաջ, ԻՊ-ի ենթադրյալ անդամը սիրիացուն գրել է, որ նա պետք է նկարահանի պայթունը եւ ուղարկի ԻՊ-ին: Սակայն ըստ երեւույթին, ինքնաշեն սարքի չնախատեսված պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում ինքը` ահաբեկչական գործողություն կատարողը, զոհվել է, եւս 15 մարդ վնասվածք է ստացել: