ՀՀ թիվ 1 ռակետը թենիսի խաղահրապարակ վերադարձը նշանավորեց նվաճած 2-րդ տեղի մրցանակով
SPORTՀուլիսի 20-ին ամուսնացած ՀՀ թիվ 1 ռակետ, կանանց թենիսի ՀՀ բազմակի չեմպիոնուհի Անի Ամիրաղյանն օգոստոսի սկզբից վերսկսեց մարզումները ու վերադարձավ իր այդքան սիրել թենիսի խաղահրապարակ, նշանավորեց նվաճած 2-րդ տեղի մրցանակով:
Նա օգոստոսի 8-14-ը Մոսկվայի Խուան Անտոնիո Սամարանչի անվան թենիսի ազգային կենտրոնի խաղահրապարակներում մասնակցում էր 10 հազար դոլար մրցանակային հիմանադրամով «Ամառային գավաթ»՝ «Summer Cup» անվանումը կրող միջազգային մրցաշարին:
«WTA»-ի դասակարգման աղյուսակում այս շաբաթ մենախաղում 622-րդ, իսկ զուգախաղում՝ 614-րդ տեղը զբաղեցնող շնորհաշատ հայ թենիսիստուհին մոսկովյան մրցաշարի մենախաղի մրցումներում համեստ մեկնարկ ունեցավ ու 1/16-րդ փուլում պարտվելով դուրս մնաց հետագա մրցապայքարից: Սակայն զուգախաղում ցուցադրեց իր լավագույն որակները: Այստեղ նա ընկերակցում էր 20-ամյա ռուսաստանցի Դարյա Լոդիկովային, ով վարկանիշային ցուցակում հիմա զուգախաղում՝ 571-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Ամիրաղյան/ Լոդիոկովա երկյակին հաջողվեց 7 երկրի 16 զույգերի մրցապայքարում 3 հաղթանակ տոնել ու մտնել եզրափակիչ: Վճռորոշ փուլում Ամիրաղյան /Լոդիոկովա զույգը ստուգատեսի գլխավոր մրցանակը վիճարկեց ռուսաստանյան Ամիրա Անշբա, 16 տարեկան զուգախաղի վարկանիշը՝ 730-րդ /Անգելինա Գաբուևա, 27 տարեկան, զուգախաղի վարկանիշը՝ 261-րդ զույգի հետ:
1ժամը 10 րոպե տևած մրցամարտում հաջողություն ուղեկցեց «անհյուրընկալ» գտնված տանտերերին, որոնք 6:4,6:4 հաշվով առավելության հասնելով մրցակիցների նկատմամբ դարձան զուգախաղի մրցաշարի հաղթողը:
Ամիրաղյան/Լոդիոկովա զույգն արժանացավ 2-րդ տեղի համար նախատեսված մրցանակին: Զուգախաղի մրցումներում տարած 3 հաղթանակների շնորհիվ Անի Ամիրաղյանը վաստակեց վարկանիշային 7 միավորն, որը թույլ կտա նրան դասակարգման աղյուսակում վերստին առաջադիմելու և հաջորդ շաբաթվա սկզբում բարձրանալու մինչև 580-րդ հորիզոնական:
ՀՀ թիվ 1 ռակետն այժմ Մոսկվայում կմասնակցի օգոստոսի 15-21-ն ընթանալիք 10 հազար դոլար մրցանակային հիմանադրամով «Ամառային գավաթ»՝ «Summer Cup» անվանումը կրող հաջորդ միջազգային մրցաշարին: Այստեղ Անին ունեցած համեմատաբար բարձր վարկանիշի շնորհիվ մենախաղում պայքարը կսկսի միանգամից հիմնական ցանցի մրցումներից: Իսկ ահա ՌԴ-ն ներկայացնող 18-ամյա հայ թեիսիստուհի, ներկայում մենախաղում 146-րդ վարկանիշն ունեցող Կարինե Սարկիսովան մասնակցում է այս ստուգատեսի մենախաղի որակավորման փուլի մրցմանը, որտեղ 6 երկրի 32 թենիսիստուհիներ այսօր և վաղը վիճարկում են հիմնական ցանցի մրցումներին մասնակցելու 8 ուղեգրերը: