Արի մոտս. նկարահանվել է Արսեն Գրիգորյանի և Մոնիկա Նազարյանի համատեղ տեսահոլովակը (լուսանկարներ)
PHOTOTert.am Life-ը գրում է.
Արսեն Գրիգորյանը և Մոնիկա Նազարյանը շուտով կներկայացնեն իրենց առաջին համատեղ աշխատանքը՝ «Արի մոտս» տեսահոլովակը:
Երգի երաժշտության հեղինակն Արսեն Գրիգորյանն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Տեսահոլովակի նկարահանումը իրականացրել է Yere1 production-ը, ռեժիսոր` Կարեն Ամյան:
Tert.am Life-ը զրուցեց Արսեն Գրիգորյանի և Մոնիկա Նազարյանի հետ, ովքեր մանրամասնեցին երգի և տեսահոլովակի պատմությունը:
«Մոնիկա Նազարյանը ելույթ էր ունենում «Շանթ» հեռուստաընկերությամբ, այդ ժամանակ նկատելով երգչուհու շնորքը որոշեցի համագործակցել: Մոնիկան շատ ուրախացավ, նրա պրոդյուսերն էլ դեմ չէր ու այդպես սկսեցինք համագործակցել: Դրանից հետո մենք ձայնագրվեցինք՝ «Արի մոտս» երգը ու որոշեցինք նկարահանել երգի տեսահոլովակը: Տեսահոլովակում ամբողջությամբ Երևանի գիշերային կադրեր են: Մեծ գումարներ չենք տրամադրել հոլովակի նկարահանման համար, բայց ամեն ինչ արել ենք, որ երգը տեղ հասնի լսողներին»,- պատմեց Արսեն Գրիգորյանը:
«Զուգերգ կատարելու առաջարկը շատ մեծ ուրախությամբ եմ ընդունել: Հեշտ էր Արսենի հետ աշխատելը: Նա չափազանց թեթև ու դրական մարդ է: Երբևէ չէի մտածի, որ կգա մի օր, որ Արսենից նման առաջարկ կստանամ: Շատ զավեշտալի են անցել նկարահանումները: Հուսով եմ, որ հեռուստադիտողը կսիրի տեսահոլովակը ու երգն էլ կհայտնվի շատերի երգացանկում»,- նշեց Մոնիկա Նազարյանը:
Տեսահոլովակի նկարահանումներն արդեն ավարտվել են, սակայն պրեմիերան նախատեսվում է սեպտեմբեր ամսին:
Հարցազրույցը՝ Անահիտ Կասամանյանի