Սիրիայից փախստականի լուսանկարը տարածվել է համացանցում և օգնել հավաքել ավելի քան 42.000 դոլար (լուսանկարներ)
LIFEՍիրիայից փախստական Աբդուլի լուսանկարը համացանցում տեղադրվել է այս շաբաթ։ Նկարում հուզիչ տեսարան է. տղամարդը՝ դստերը գրկած, գրիչ է վաճառում փողոցում, գրում է huffingtonpost.com-ը։
Ավելի քան 1 մլն մարդ ամբողջ աշխարհում կիսվել է այս լուսանկարով՝ փորձելով օգնել իսլանդացի ակտիվիստ Ջիսուր Սայմոնարսոնին գտնել այդ տղամարդուն։
Տեղաբնակների, լրագրողների և ակտիվիստների օգնությամբ նրան հաջողվել է գտնել Աբդուլին և կապ հաստատել նրա հետ։
Աբդուլը պաղեստինցի է, ով ապրում էր Սիրիայում այնքան ժամանակ, մինչև պատերազմը ստիպեց նրան փախուստի դիմել։ Աբդուլը 2 անչափահաս երեխաների միայնակ հայր է։ Գոյատևելու համար նա գրիչ է վաճառում Բեյրութի փողոցներում, որը Դամասկոսից մոտ 130 կմ հեռավորության վրա է։
Սայմոնարսոնն արշավ է սկսել Աբդուլին և նրա երեխաներին օգնելու նպատակով։ Սկզբնական ցանկությունը 5.000 դոլար հավաքելն է եղել, սակայն այդ գումարը հավաքվել է ընդամենը 30 րոպեում, պատմել է ակտիվիստը։
Այժմ ակցիայի շրջանակում հավաքվել է ավելի քան 42.000 դոլար։
«Ես կարծում եմ, որ այս ակցիան ապացուցում է, որ մարդկությունը դեռևս չի վերացել»,- գրել է Սայմոնարսոնը։
Աբդուլը մեկն է 4 մլն փախստականներից, ովքեր ստիպված էին փախչել Սիրիայից։







Աղբյուրը՝ Tert.am



